Մայիսը գլխուղեղի քաղցկեղի իրազեկման ամիսն է: Հայաստանի Հանրապետությունում տարեկան հայտնաբերվում է 170-ից 250 գլխուղեղի քաղցկեղի առաջնային դեպք: Ցավոք, վերջին տարիներին, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես կա ընդհանուր ուռուցքային հիվանդությունների աճ:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի բժիշկ-նեյրովիրաբույժ, վիրահատարանի ղեկավար Աննա Կիզոկյանի հետ զրուցել ենք գլխուղեղի քաղցկեղի տեսակների, առաջացման պատճառների, կանխարգելման և մի շարք այլ կարևոր հարցերի մասին:
Մասնագետը նշեց, որ գլխուղեղի ուռուցքները լինում են բուն գլխուղեղում առաջացած ներուղեղային ուռուցքներ, արտաուղեղային ուռուցքներ, որոնք առաջանում են ուղեղի թաղանթներից և հարակից ոսկրային կառուցվածքներից։ Լինում են նաև երկրորդային գլխուղեղի ուռուցքներ, որոնք առաջանում են որևիցե օրգան համակարգում առաջացած քաղցկեղից: