«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, ԵՊԲՀ դասախոս Մարի Գրիգորյանը ներկայացրել է, թե ինչ գանգատներով են հիմնականում քաղաքացիները դիմում գաստրոէնտերոլոգին։ Նա նաև պարզաբանել է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ աղեստամոքսային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում Մարի Գրիգորյանը նշել է, որ մասնագետը բուժառուների մոտ առավել հաճախ հանդիպող գանգատները, որոնցով դիմում են, հիմնականում ստամոքսի ցավն է, աղեփքությունը, սրտխառնոցը, փսխումները, վքնածությունը, աղիների անկանոն աշխատանքը, որը կարող է արտահայտվել փորլուծությամբ և փորկապությամբ:
«Սակայն ցանկանում եմ նշել, որ այս մարսողական ախտանշանները կարող են դիտվել միաժամանակ տարբեր հիվանդությունների դեպքում, և ասել, թե այս կամ այն մարսողական գանգատը կամ ախտանիշը հատուկ է որևէ հիվանդության, ճիշտ չէ: Հետևաբար, անհրաժեշտ է լինում իրականացնել որոշակի հետազոտություններ՝ նախքան բուժման իրականցումը»,- ասաց Մարի Գրիգորյանը: